Բացում
Այստեղ ոչինչ տեղի չի ունենում։ Ոչինչ չի շտկվի, ոչինչ չի քանդվի։ Ոչ մի մեկնություն չի գալու։ Ոչ մի եզրակացություն։ Սա բառերի թելի ազատ ծայրն է՝ բառերի, որ ժամանակին ձայներ են եղել։ Ձայներ, որ մի ժամանակ արձագանքել են տիեզերքի այս ու այն կողմերում, տարածության մի անկյունում, կամ գուցե միայն մարդկային երևակայության մի անկյունում։ Հիմա, մինչ այս տողերն անցնում են աչքերիդ առջև, այդ ձայների էներգիան վաղուց մարել է, և էջին մնացել է միայն նրանց ուրվականային հետքը։ Բոլորը լռել են։ Բոլոր ձայները, և գուցե նաև այն ամբողջ աշխարհը՝ իր մարդկանցով։ Գուցե նույնիսկ այն միտքը, որ ժամանակին այս ձայների հետքը թղթին էր դրոշմում, վաղուց այլևս շունչ չի քաշում։ Ճիշտ ինչպես այս իսկ պահը, որ անցավ, մինչ կարդում էիր այս նախադասությունը, գրքի բոլոր պահերն էլ անցել են։ Պահեր ու պատկերներ, որ կկորչեին աշխարհի իրադարձությունների տենդոտ աղմուկի մեջ, եթե այստեղ գրի առնված չլինեին։ Գրի առնվեցին՝ իմ աշխարհի և քոնի միջև կամուրջ դառնալու համար։ Կամուրջ՝ իմ աշխարհից, այն պահին, երբ գրում եմ այս նախադասությունները, դեպի քոնը՝ այն պահին, երբ նստում ես դրանք կարդալու։ Այս կողմից ես քանդում եմ բառերի թելը, իսկ մյուս կողմից դու հավաքում ես դրանք։ Ինչպես մանկության ժամանակ, երբ Մամանը հին հագուստներից մանվածքն էր քանդում, և մենք վերցնում էինք թելն ու տան մեջ պտտվում, որ մանվածքն իրար վրա չկուտակվի։ Գուցե քո սերունդն այդ մանվածքի աշխարհից մի քանի տարի հետո եկավ, բայց պատկերացրու՝ մի ժամանակ, աշխարհի մի անկյունում, երեխաներն այսպես էին խաղում։ Հիմա ես քանդում եմ բառերի թելը, իսկ դու վերցրու դրանք ու տար քո սեփական աշխարհ, որ այստեղ՝ իմ աշխարհում, իրար վրա չկուտակվեն։